AM
4 Նոյեմբեր 2025 - 07:55 AMT

«Եվրանեսթի» ԽՎ բանաձևին հայ պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում

«Եվրանեսթի» ԽՎ բանաձևին հայ պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին, անդրադառնալով Վրաստանի կառավարության ոչ լեգիտիմության մասին «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին, նշել է, որ, աջակցելով բանաձևին, հայ պատգամավորներն «անվստահություն են հայտնում իրենց վարչապետին»,–գրում է 1tv.ge-ն։

Ցիլոսանին բանաձևը որակել է որպես անբովանդակ:

«Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին իրենց վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով պաշտոնապես այցելել է Վրաստան և հանդիպել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ: Աջակցելով մի բանաձևի, որը խոսում է վրացական կառավարության անօրինականության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական երկրի վարչապետին: Այս փաստարկները հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձևը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է առնվազն մեկ աղյուս դնել՝ ի վնաս Վրաստանի», -ասել է Նինո Ցիլոսանին:

Հարցին անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ իր անհանգստությունը հայտնելով հայ իշխանական պատգամավորների այն գործողության կապակցությամբ, որով, ըստ Դանիելյանի, կասկածի տակ է դրվել վրացական իշխանության լեգիտիմությունը։

«Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։

Այս խնդիրները, գուցեև, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց իշխանությունը հենց նրա համար է, որ ձեռքի տակ եղած լծակների բանեցմամբ հասնի խնդիրների լուծման։ Մինչդեռ, սրանք զբաղված են ամեն ինչով՝ եկեղեցու դեմ արշավով, ընդդիմադիրներին հալածելով, բացի իրենց բուն գործառույթներն իրականացնելուց։

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը»,–գրել է նա։

Ըստ Դանիելյանի՝ տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ՝ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։

«Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»,- գրել է նա։

Հոկտեմբերի 31-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է բանաձև, որտեղ անդրադարձ է կատարվել Վրաստանում տիրող իրավիճակին, որտեղ խոսվում է երկրում ժողովրդավարության անկման մասին։