«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է 34 առաջնորդների և ազդեցիկ գործիչների ցուցակը, որոնց անվանել է «մամուլի ազատության գիշատիչներ»՝ այդ թվում ընդգրկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Զեկույցը հրապարակվել է լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է Factor.am-ը՝ OC Media-ի վրա հղումով։
«Նրանց մեթոդները տարբերվում են, բայց նրանց նպատակները համընկնում են՝ լռեցնել անկախ լրատվամիջոցների ձայները և ոտնահարել լուրերի ու տեղեկատվության իրավունքը։ Սպանություն, բանտարկություն, զրպարտություն, քարոզչություն, տրոլլների բանակներ՝ այս ամենը լռություն պարտադրելու միջոցներ են»,- նշել է RSF-ը։
Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք այլ պետական և ոչ պետական դերակատարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իսրայելի բանակը, ամերիկացի գործարար Իլոն Մասկը և այլք։
Իլհամ Ալիևը ներառվել է ցուցակում՝ Ադրբեջանի մեդիա դաշտի լռեցման և լրագրողների դեմ ճնշումների համար։ RSF-ի գնահատմամբ, Ալիևի ղեկավարության շրջանում երկիրը վերածվել է «մեդիա անապատի»։ Կազմակերպությունը մատնանշել է լրագրողների նկատմամբ ճնշումների շարունակականությունը, որոնց թվում են 26 ձերբակալված լրագրողներ և անկախ «Abzas Media»-ի աշխատակիցների դատապարտումը, այդ թվում՝ տնօրեն Ուլվի Հասանլիի և գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆգիզիի։
Abzas Media-ի դեմ սկսված հետապնդումից հետո իշխանություններն ավելացրել են ճնշումներն այլ լրատվամիջոցների նկատմամբ՝ ներառյալ «Meydan TV», «Toplum TV» և «Kanal 13»-ի լրագրողներին։
2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների թվում զբաղեցրել է 167-րդ հորիզոնականը։
Իվանիշվիլին, իր հերթին, RSF-ի զեկույցում ներկայացված է որպես մեդիայի նկատմամբ տնտեսական ճնշումների պատասխանատու։ Չնայած նրա հայտարարած հեռացմանը քաղաքական դաշտից, կազմակերպությունը նշում է, որ նա շարունակում է ազդեցություն գործել Վրաստանի ներքին գործընթացների վրա։
«Նրա բիզնես կայսրությունը երաշխավորում է նրա վճռորոշ ազդեցությունը, քանի որ մի քանի կոմերցիոն հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքները, հեռարձակում են տեսակետներ նրա հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցության օգտին»,- գրել է RSF-ը։
Նշվում է, որ Վրաստանում արձանագրվել է բազմակարծության նվազում, լրագրողների դեմ զրպարտություններ ու հետապնդումներ, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ բռնություններ՝ առանց պատժի հետևանքների։ Զեկույցում ընդգծվում է նաև մեդիա մենեջեր Մզիա Ամագլոբելիի դատապարտումը երկու տարվա ազատազրկման և մամուլի ազատությունը խաթարելու միջոցով ԵՄ-ին անդամակցության գործընթացի սաբոտաժը։
RSF-ի 2025 թվականի ինդեքսով Վրաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը։






