Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կմասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։
Նա հայտարարել է, որ կարող էր բացակայել նոյեմբերյան հանդիպումներից՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, հայտնում է Radar Armenia-ն։
«Մենք երկխոսություն ունեցանք, որը չպետք է տարածվեր մեր ազգային հավաքականից դուրս։ Բայց դա նորմալ է։ Այո, հնարավոր էր՝ ես չկարողանայի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նոյեմբերյան խաղերին։ Դա արդեն անցյալում է։ Ես ուզում եմ օգտակար լինել Հայաստանի ազգային հավաքականին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իմ կարիքն ունեն, և մարզչական անձնակազմը հավատում է ինձ։ Ես կգամ այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է, և քանի դեռ երկրպագուները հավատում են ինձ»։
Նա չի մանրամասնել, թե ինչ է քննարկվել իր և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի միջև։
Երբ նրան հարցրել են, թե ինչպիսին են իր հարաբերությունները Մելիքյանի հետ, Տիկնիզյանը պատասխանել է, որ դրանք գործնական են։
«Բացառապես գործնական, ինչպես պետք է լինի խաղացողի և մարզչի միջև։ Մենք ունենք նպատակներ և խնդիրներ, որոնց պետք է միասին հասնենք»,- ասել է նա։
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։






