AM
5 Նոյեմբեր 2025 - 08:47 AMT

Բարսեղյան. Կյանքում և ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր բացակայությանը հավաքականի առաջիկա հանդիպումներից։

Նա նշել է, որ կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել, հայտնում է ՀՖՖ-ն։

«Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնելու թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ՝ տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։

Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզիչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնելն ավելի հեշտ է։ Ես միշտ ձեր կողքին եմ՝ նույնիսկ դաշտից դուրս»,- ասել է Տիգրան Բարսեղյանը։

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։