AM
5 Նոյեմբեր 2025 - 12:27 AMT

Փայլան․ Այս ամիսները որոշիչ են Թուրքիա-ՀՀ գործակցությունն առաջ մղելու համար, կամ ամեն ինչ կարող է վատանալ

Պոլսահայ քաղաքական գործիչ Գարո Փայլանը, որը մասնակցում է «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկմանը, ընդմիջմանն ասել է, որ իր երազանքն է, որ հայ-թուրքական սահմանն օր առաջ բացվի, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա՝ առաջիկա ամիսները շատ որոշիչ են, կամ ամեն ինչ կարող է վատանալ:

Նա ենթադրել է, որ հունվարին այդ հարցում «շատ լավ զարգացումներ» կլինեն՝ նշելով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը, և հույս հայտնելով, որ դրանից մի քանի ամիս հետո նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը։

«Ապագան փայլուն եմ տեսնում Թուրքիա-Հայաստան համագործակցության համար»,- նշել է նա՝ բարձր գնահատելով համագործակցության հեռանկարները։

Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն «երկու երկիր՝ մեկ համայնք» քաղաքականություն։

«Այս երկու գործընթացները միասին քայլելու հնարավորություն ունեն, քանի որ նախկինում Թուրքիա-Հայաստան համագործակցությանը խոչընդոտում էր Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը․․․Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան համագործակցության համար և եթե Արևմտյան երկրներն էլ մի փոքր օգնեն Անկարային և Բաքվին համոզելու առումով, ամեն ինչ միասնաբար կարելի է առաջ տանել…Այս ամիսները շատ որոշիչ են, կամ ամեն ինչ կարող է վատանալ»,-ասել է Փայլանը։

Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել 1991 թվականից ի վեր, իսկ սահմանի փակման որոշումը կայացվել է 1993 թվականին՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակել կարգավորման գործընթացի համար։