Ռուսական ցորենով բեռնված 15 վագոնը նոյեմբերի 5–ին Ադրբեջանից կհասնի Վրաստան, այնտեղից էլ կգա Հայաստան։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում», – նշել է Մելնիկովը։
Մելնիկովի գնահատմամբ՝ սա նշանակալի իրադարձություն է և նոր փուլ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մեջ։
«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Մեզ համար՝ որպես երկաթուղայինների, սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ արդեն հաջողվել է նաև կազմակերպել բեռների կոնտեյներային փոխադրում Չինաստանից, ինչը զգալիորեն ընդլայնում է երկրի մատակարարման հնարավորությունները։ Մելնիկովն ընդգծել է, որ երթուղին մեծ հետաքրքրություն է առաջացնում և համոզմունք է հայտնել, որ այն ակտիվորեն կօգտագործվի։
Նրա խոսքով՝ նոր երկաթուղային ուղին կնվազեցնի Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կնվազեցնի բեռների փոխադրման ծախսերը, հատկապես Սև ծովով իրականացվող բարձրարժեք փոխադրումներում։ Ըստ նրա՝ այս ուղին կարևոր կլինի ինչպես հացահատիկ մատակարարող խոշոր ընկերությունների, այնպես էլ նավթամթերք ներկրողների և այլ բիզնես գործընկերների համար։
Մելնիկովն ընդգծել է, որ այս նոր ուղղությունը խոստանում է տնտեսական շահավետություն և մեծ հեռանկար ունի՝ ավելացնելով երկաթուղային փոխադրումների ծավալը դեպի Հայաստան։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ցորենը Հայաստան է տեղափոխվում երկաթուղով՝ անցնելով Ադրբեջանի տարածքով։ Նրա փոխանցմամբ, Ղազախստանից ցորենի խմբաքանակն էլ արդեն ճանապարհին է և կժամանի նույն ուղղությամբ։






