ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13–րդ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Մեղրիի միջանցքն ու Հյուսիս–հարավ ճանապարհը մրցակից չեն՝ երկուսն էլ պետք են, որ Ադրբեջանը միանա իր շրջաններին»։
«Կարծում եմ, որ թե այդ, թե մյուս ճանապարհը ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև պետք են, որ Ադրբեջանը միանա իր շրջաններին, տրանսպորտային միջանցքներ լինեն երկրների միջև առևտրի համար», — ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Շոյգուն հավելել է, որ, ինչ վերաբերում է Հյուսիս – հարավ միջանցքին, ապա այն կապ է ապահովում խորքային Հարավի նավահանգիստներից դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս ու Հյուսիսային ծովային ճանապարհ։
«Ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, և մրցակցություն՝ թե մեկը ինչ‑որ բան կբերի շրջանցելով, կողքով, ոչ», –շեշտել է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է ու շատ զարգացած տրանսպորտային ուղիներով, իսկ «յուրաքանչյուր ճանապարհ միշտ լավ է»։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






