Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ՌԴ–ն Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։
«Երկաթուղով հացահատիկի առաջին խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով։ Ռուսական երկաթուղիները կազմակերպել են Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի փոխադրումը Հայաստան. մինչև 2026 թվականի հունվարի վերջ այդ երթուղով նախատեսվում է ևս 132 վագոն ցորեն ուղարկել»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դիտարկվում է նաև այլ կատեգորիաների բեռների մատակարարման հնարավորությունը։
Տրանսպորտի նախարարությունում հավելել են, որ այս նոր լոգիստիկ ուղու գործարկումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների արգելքի վերացման արդյունքում։
«90-ականներից ի վեր սա նման փոխադրումների առաջին դեպքն է», – ասել են նախարարությունից։
Ռուսաստանից ուղարկված ցորենով բեռնված գնացքը՝ կազմված 15 վագոնից, հասել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։
Ալիևի այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր, հայտարարելով, որ Հայաստանը ևս վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։






