AM
6 Նոյեմբեր 2025 - 09:41 AMT

ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է․ Թուրքիայից ավելի քան 9000 զբոսաշրջիկ է եկել, Ադրբեջանից՝ 3

2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,734,247, ինչը 0,8%-ով կամ 13,002 այցելուով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների։

Զբոսաշրջիկների ընդհանուր թվում շարունակում է մեծամասնություն կազմել Ռուսաստանից ժամանող այցելուների բաժինը՝ 43%, գրում է Aysor.am-ը։

Այս տարի Ռուսաստանի 713,479 քաղաքացի է այցելել Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7%-ով պակաս է։

Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 210,247 այցելությամբ, իսկ երրորդը՝ Իրանը՝ 138,010 զբոսաշրջիկ։

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել 50,599 քաղաքացի, Չինաստանից՝ 34, 446, Ֆրանսիայից՝ 28,241, Գերմանիայից՝ 25,699, Հնդկաստանից՝ 20,843, Ուկրաինայից՝ 20,171, Իտալիայից՝ 16,202, իսկ Բելառուսից՝ 12, 580 զբոսաշրջիկ։

Այս տարվա ինն ամսում Ադրբեջանից Հայաստան է այցելել 3 զբոսաշրջիկ, ովքեր երկրում մնացել են միջինը 8 օր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ադրբեջանից որևէ զբոսաշրջային այց չի գրանցվել։

Թուրքիայից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը կազմել է 9 115, ինչը 6,2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։