AM
6 Նոյեմբեր 2025 - 13:52 AMT

Փոխվարչապետ․ Մինչև տարեվերջ Իրանի սահման տանող ճանապարհի նոր հատվածը պատրաստ կլինի 30%-ով

«Հյուսիս-Հարավ» մայրուղու շրջանակում կառուցվող Քաջարան-Ագարակ նոր ճանապարհը մինչև տարեվերջ պատրաստ կլինի 30%-ով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 214 մլն դոլար, որից մինչև 2025 թվականի վերջը իրացվելու է 70 մլն-ը, գրում է Sputnik Արմենիան։

Նշվածի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրանական կապալառուն՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կազմած կոնսորցիումը, աշխատում է գերազանցելով նախանշված ժամկետները։

«Իրանական կապալառուն աշխատում է այնպիսի տեմպերով, որպիսիք մենք նախկինում չենք տեսել», – հավելել է նա։

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքների արագացումը անակնկալի է բերել կառավարությանը. տարեսկզբին ֆինանսների նախարարությունը ավելի քիչ գումար է հատկացրել աշխատանքների վճարման համար, քան արդյունքում պահանջվել էր: Ուստի կառավարության այսօրվա որոշմամբ այդ նպատակների համար լրացուցիչ կհատկացվի 8․4 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար)։ Ճանապարհը կառուցվում է Եվրասիական զարգացման բանկի վարկով՝ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նույն որոշման ներքո նախատեսվել է նաև հատկացնել համեմատաբար փոքր միջոցներ Քաջարան-Սիսիան հատվածում հողի գնման համար, ինչպես նաև 8․6 կիլոմետրանոց Բարգուշատի թունելի նախագծի տեխնիկական փորձաքննության նպատակով։

Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման համար արդեն կնքվել են վարկային համաձայնագրեր Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողության մրցույթներն արդեն հայտարարված են, իսկ շինաշխատանքների համար մրցույթը կհայտարարվի մինչև տարեվերջ։

Երևան-Գյումրի ավտոճանապարհի վերաբերյալ փոխվարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ավարտին կավարտվեն վերջին երկու՝ 34 և 8 կմ երկարությամբ հատվածների աշխատանքները։ Նրա խոսքով՝ գարնանը ամբողջ ճանապարհը պետք է ամբողջությամբ շահագործման հանձնված լինի։

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև մոտ մեկ ժամ (այժմ՝ 1․5 – 2 ժամ):

«Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործող հատվածների ընդլայնմամբ) կկրճատի իրանականից մինչև վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։։