Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել է հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգը, հայտնում է APA-ն։
Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության ոլորտի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«ԵՄ անկեղծորեն նվիրված է համագործակցությանը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնյան հանդիպումից հետո դինամիկան պահպանելու և ապահովելու համար, որ խաղաղության արդյունքները տարածվեն ամբողջ տարածաշրջանի վրա»,–ասել է նա։
ԵՄ երկայացուցչի խոսքով, բանակցությունների առանցքային թեման եղել է Նախիջևանը՝ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում կապերի, տարածաշրջանային համագործակցության և համանման մարդասիրական հարցերի վերաբերյալ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






