AM
7 Նոյեմբեր 2025 - 07:28 AMT

Բաքվում դատախազները մեղադրական ճառով են հանդես եկել Արցախի ղեկավարների դեմ

Նոյեմբերի 6-ին Բաքվում շարունակվել է շինծու գործերով դատական ֆարսը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև ԱԳ նախարար Դավիթ Բաբարյանի, ՊԲ հրամանատարներ Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի դեմ։

Դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով, հայտնում է Vesti.az-ը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա և շրջափակում իրականացրած, Արցախի շրջափակման և հայաթափման հեղինակ Ադրբեջանի ղեկավարությունը ծանր մեղադրանքներ է առաջ քաշել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ ընդհուպ մինչև «ցեղասպանության և ահաբեկչության իրականացում։ »։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, օրինակ, մեղադրել են ոչ միայն այն գործողությունների մեջ, որոնք բխում էին նրա պաշտոնից, այլ նրանում, որ «նա անամոթաբար այդ ամենը ներկայացրել է սոցիալական ցանցերում»։

Դատական գործընթացը շարունակվելու է նոյեմբերի 7‑ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։