2025 թվականի «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին՝ նրա անվեհեր նվիրումի և հակամարտության պայմաններում ցուցաբերած անձնազոհ աշխատանքի համար։
2025 թվականի դափնեկրի անունը հայտարարվել է «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել Էլիս կղզում՝ վայրում, որն այսօր խորհրդանշում է ապաստան և նոր կյանքի սկիզբ։ Այդ միջոցառմամբ նշվել է նաև «Ավրորայի» գործունեության 10-ամյակը։
Բժիշկ Էլթայեբն ընտրվել է աշխարհի տարբեր կետերից ներկայացված ավելի քան 800 թեկնածուների շարքում։ Որպես 2025 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա ստանալու է 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև՝ իր առաքելությունն ընդլայնելու և տեղերում աշխատող ժամանակակից հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու նպատակով, որոնք իրենց հերթին օգնում են խոցելի համայնքներին։
1 միլիոն դոլար մրցանակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր վտանգի են ենթարկում իրենց կյանքը՝ հանուն այլոց փրկության։ Այս տարվա մրցանակով «Ավրորան» ճանաչել է բժիշկ Էլթայեբի բացառիկ քաջությունն ու նվիրվածությունը՝ հակամարտության պայմաններում տուժած մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար։
Սուդանի շարունակվող ավերիչ քաղաքացիական պատերազմի և գրեթե լիովին կազմալուծված առողջապահական համակարգի պայմաններում բժիշկ Էլթայեբն աշխատում է պահպանել Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցի գործունեությունը՝ այն դարձնելով մեծ Խարթումի տարածքում գործող եզակի բժշկական հաստատություններից մեկը։ Սա վկայում է նրա անխախտ կամքի և առաջնորդման որակների մասին՝ անգամ ամենավտանգավոր իրավիճակներում։
«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, և որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասել է բժիշկ Էլթայեբը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանն ասել է․ «Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել»։
«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։
2023 թվականի ապրիլից ի վեր, երբ Սուդանի հակամարտությունը սրվել է, բժիշկ Էլթայեբը ստիպված է գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ու բժշկական հիմնական միջոցների, այդ թվում՝ անզգայացման դեղամիջոցների կտրուկ պակասի պայմաններում։ Նա անդադար աշխատել է՝ ապահովելու, որ հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ և ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժսպասարկում։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի հիմնական հենարանն ու փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համախմբվածություն և անվերապահ նվիրում՝ մարդկանց կյանքերը փրկելու համար ամենածայրահեղ պայմաններում։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվել են նաև 2025 թվականի «Ավրորայի» բացառիկ հերոսներին՝ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնանին և բժիշկ Ջիլ Սիմանին։






