Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ հավաքականի նոր ավագը կլինի ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Առաջիկա խաղերում ու ապագայում մեր հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է Մելիքյանը, հայտնում է Factor.am-ը։
Մելիքյանը հայտնել է նաև, որ արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա ասաց, որ ունի ընտանեկան խնդիրներ և այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,-ասել է հավաքականի մարզիչը։
Մելիքյանը հայտնել է նաև, որ խոսել է հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն դեռ չի հանդիպել նրան:
«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին բոլորը կերազեն ունենալ իրենց հավաքականում, ցանկացած ազգ կուզենա ունենալ։ Ես խոսել եմ նրա հետ, բայց չեմ հանդիպել։ Կհանդիպեմ և ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ և՛ գալու, և՛ չգալու դեպքում»,-ասել է Եղիշե Մելիքյանը։
Սեպտեմբերին Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Իտալիա և անձամբ հանդիպել ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին:
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի նախորդ հանդիպումներում Հայաստանի հավաքականի ավագն էր Տիգրան Բարսեղյանը, ով հանդես է գալիս Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովան» ակումբում։
Բարսեղյանը պատժվել էր կարմիր քարտով՝ Իռլանդիայի դեմ խաղում մրցակցին գլխով հարվածելու համար։ Այդ խաղում Հայաստանի թիմը պարտվել էր 0:1 հաշվով։






