ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է կաթի փոշու ներկրումը սահմանափակելու հնարավորությունը։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց նախարարության արդյունաբերական վարչության պետ Արմեն Եգանյանը։
«Այժմ մենք քննարկում ենք կաթի փոշու հետ կապված որոշ հարցերի կարգավորման հնարավորությունը, որպեսզի չառաջանա այնպիսի իրավիճակ, որ տեղական կաթի արտադրությունը հայտնվի ոչ շահեկան վիճակում», – հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
ԵԱՏՄ-ի ներսում գործում է երրորդ երկրներից ներմուծվող կաթի փոշու նկատմամբ կիրառվող 15 տոկոս մաքսատուրք՝ ուղղված ներքին շուկայի պաշտպանությանն։
Հայաստանը զգալի ծավալներով կաթի փոշի է ներկրում այդ երկրներից (մասնավորապես՝ Բելառուսից՝ տարեկան ավելի քան 5 հազար տոննա, Ռուսաստանից՝ ավելի քան 3 հազար տոննա)։ Վերջին տարիներին աճում է նաև Իրանից ներմուծումը (2023 թվականին այն կազմել է մոտ 1 հազար տոննա, 2024 թվականին՝ ավելի քան 2,5 հազար)։ Ընդհանուր առմամբ, դա համարժեք է 70-80 հազար լիտր կաթի:
Տեղական արտադրությունը, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին կազմում է 600 հազար տոննայից պակաս։ Ներմուծված փոշին օգտագործում են տեղական կաթնամթերք և հրուշակեղեն արտադրողները: Հանրապետությունում գործում են նաև կաթի փոշու տեղական արտադրություններ, ճիշտ է՝ ոչ մեծ։






