Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղիով, հայտնում է կառավարությունը։
Գնացքով Հայաստան է տեղափոխվել 1000 տոննա ցորեն։
Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են եղել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը, հայտնում է 1lurer.am-ը։
«Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան:
Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- ասել է Դավիթ Խուդաթյանը:
Ղազախստանի դեսպանի գնահատմամբ, սա պատմական իրադարձություն է:
«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,- ասել է դեսպանը:
Նոյեմբերի 6-ի գիշերը Հայաստան է հասել մոտ 1000 տոննա ռուսական ցորեն, որը տեղափոխվել է Ադրբեջանի տարածքով։ Ռուսական կողմը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Հայաստան արտահանել ևս 132 վագոն ցորեն նույն երթուղով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իր երկիրը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները։






