AM
8 Նոյեմբեր 2025 - 08:24 AMT

Բայրամով. Փաշինյանն ասել էր Ալիևին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն İTV‑ի հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Ըստ նրա՝ Ալիեւը հայտարարել է, որ «նշյալ խնդիրը պետք է լուծվի, ադրբեջանական տարածքները պետք է ազատվեն»։

Բայրամովի խոսքով՝ այդ պահին Փաշինյանը «բավականին կառուցողական էր տրամադրված՝ ասաց, որ նոր է եկել իշխանության, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր կոնֆլիկտը կարգավորելու համար», գրում է Minval.az-ը։

Ըստ Բայրամովի՝ 2019–ին արդեն Փաշինյանն ամբողջությամբ փոխել էր դիրքորոշումը։

«2019–ի մարտի 29–ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցավ նոր հանդիպում Ալիևի և Փաշինյանի միջև, որի ժամանակ Փաշինյանն ամբողջովին փոխել էր իր դիրքորոշումը՝ բացահայտ հայտարարելով, որ չի կարող լուծել ԼՂ հարցը և չի պատրաստվում դա անել։

Ընդ որում նա շատ հետաքրքիր փաստարկ է բերում՝ «եթե դա անեմ, ինձ կսպանեն»: Եվ նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»,–ասել է Բայրամովը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։