AM
10 Նոյեմբեր 2025 - 06:35 AMT

Ուրալօղլու․ Նախարարների եռակողմ հանդիպում Թուրքիայում հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը հնարավոր է միայն Բաքվի համաձայնության դեպքում։

Նա շեշտել է, որ նման ձևաչափով բանակցությունները ամբողջությամբ կախված են Ադրբեջանի դիրքորոշումից, գրում է Minval.az-ը։

«Մենք հաճախ ենք հանդիպում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մեր և Հայաստանի տրանսպորտի նախարարի միջև ևս մի քանի հանդիպումներ են եղել։ Եռակողմ հանդիպումն իրականացվելու է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Եթե այն տրվի, ապա մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի», ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցությամբ։

«Մենք նախապես պլանավորել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի անել խաղաղ գործընթացի ավարտից հետո։ Անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են։ Անցյալում մենք իրականացրել ենք բազմաթիվ համատեղ նախագծեր, այդ պատճառով նորից սկսելու կարիք չի լինի», — նշել է Թուրքիայի գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցում է կողմերի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման շուրջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։

Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքների։

Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումը կանցկացվի հաջորդ տարվա ապրիլի 17-19-ը։