AM
10 Նոյեմբեր 2025 - 08:49 AMT

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին:

«Նոյեմբերի 13-ին տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը»,–ասվում է հոնաձնաժողովի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։