Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ քննարկել Հայաստանի բոլոր հնարավոր անհանգստությունները երկկողմ հարաբերություններում։ Նա նշել է, որ վերջին ժամանակներում Հայաստանում ավելի հաճախ են հնչում Երևանի դեմ «հիբրիդային պատերազմների» մասին քննարկումները:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են ՌԴ հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմների» հայեցակարգը հորինել են և կիրառել ամերիկյան ռազմական տեսաբանները։ Այն կիրառվել է ՀՀ–ի հարևան Վրաստանում՝ կոպտորեն միջամտելով ներքին քաղաքական գործընթացներին և զբաղվելով բացահայտ քաղաքական շանտաժով։ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Կարծես թե վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում փորձարկված սխեմայով»,–ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկումները Երևանի հետ ծավալել տարբեր ձևաչափերով։
«Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ պրոֆիլային գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում, եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնի շտկման նպատակով»,- նշել է Զախարովան:
Նա ասել է, որ Մոսկվան միշտ առանց հապաղելու օգնության է հասնում Հայաստանին, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերը պետք է ժամանակի փորձություն անցնեն՝ հիշեցնելով, որ 2024–ի հունիսին Ռուսաստանի մասնագետները կարճ ժամանակում վերականգնեցին Հայաստանի հյուսիսում հեղեղումներից ավերված երկաթուղային հատվածը, իսկ նոյեմբերին ցորենի մատակարարում կազմակերպեցին Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ «հյուսիսային հարևանի» կողմից Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է տարվում և որ այն կսրվի 2026–ի ընտրություններից առաջ:






