AM
11 Նոյեմբեր 2025 - 13:34 AMT

Թուրք փորձագետը՝ Երևան այցի մասին․ Ինձ օտար քաղաքում չէի զգում

Նոյեմբերի 4–5-ը Երևանում կայացած «Orbeli 2025» միջազգային ֆորումին մասնակցած Թուրքիայի Էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները կիսվել է իր առաջին այցելության տպավորություններով և հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ դիտարկումներով, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրք փորձագետն ասել է, որ Հայաստան այցելելուց առաջ իր շրջապատից որոշ բացասական կարծիքներ էր լսել, սակայն Երևանում ունեցած կարճատև փորձը ամբողջովին հակառակ պատկեր է ցույց տվել։

«Տեղում տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ, ուտեստներով, մշակութային բաղադրիչներով, բազմաթիվ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում։ Էզանի ձայնի բացակայությունից զատ, թվում էր՝ փողոցում հանդիպած շատերի հետ կարող եմ անմիջապես թուրքերեն խոսել։

Բացի այդ, Օրբելի կենտրոնի բազմաթիվ գործընկերների մաքուր թուրքերենը և նրանց անկեղծ վերաբերմունքը նույնպես ինձ ավելի ազատ զգալու պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է միջոցառմանը՝ տարբեր երկրներից մասնակիցների հավաքվելը և խաղաղությանը միտված արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայրի ձևավորումը, իմ կարծիքով, շատ արժեքավոր էր։ Կարծում եմ՝ միջոցառումն իր նպատակին հասավ»,-ասել է նա։

Խոսելով հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման մասին՝ Աքյեներն ասել է, որ այն վաղ թե ուշ կբացվի։

«Իհարկե, գործընթացում կարող են լինել որոշ տեխնիկական պահանջներ և գուցե քաղաքական ակնկալիքներ։ Բայց առաջին անգամ է, որ երեք երկրների ղեկավարները՝ ներառյալ Ադրբեջանը, կարողանում են հանդիպել նույն կետում։ Մյուս կողմից՝ սեղանի շուրջ հնչեցվող հայտարարություններից բացի, չպետք է մոռանանք սոցիալ-հոգեբանական այն գործոնը, որին առնչվում է խաղաղության գործընթացը. ժամանակին տարածաշրջանից դուրս որոշ դերակատարների կազմակերպած «կեղտոտ խաղերով» միմյանցից հեռացված հասարակությունների գրեթե 100 տարուց ավելի տևած տարանջատումը։

Ավելի քան 100 տարի տևած այդ բաժանումը կարճ ժամանակում հաղթահարելը հեշտ չէ։ Սակայն առաջին անգամ է, որ այս համատեքստում հույսերը այսքան ամրապնդված են։ Սա, անկասկած, հեշտ չի լինելու։

Բայց քայլ առ քայլ, քանի դեռ Թուրքիայում նախագահը Էրդողանն է, Ադրբեջանում՝ նախագահը Ալիևն է, իսկ Հայաստանում՝ վարչապետը Փաշինյանն է, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացի վրա այլևս կարագ չի քսվի»։ Դրան կհաջորդի սահմանային անցակետերի փուլային բացումը։ Հուսով եմ հենց այս գործընթացում հարաբերությունները նորից կկարգավորվեն, և հազարամյակներով նույն աշխարհագրությունում միասին ապրած հասարակությունները կրկին կհամագործակցեն»,–ասել է փորձագետը։

Անդրադառնալով էներգետիկ հնարավորություններին՝ Աքյեները նշել է, որ սահմանների բացումը կարող է խթանել ոչ միայն լոգիստիկան, այլև տարածաշրջանային ներդրումները և համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։