AM
11 Նոյեմբեր 2025 - 14:23 AMT

Սպերցյան. Հավաքականում խաղալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ժամանել է Երևան և միացել հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա խաղերին Հունգարիայի և Պորտուգալիայի ընտրանիների դեմ, գրում է Factor.am-ը։

Ֆուտբոլիստը Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել և գրել է, որ հավաքականում խաղալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է։

«Ես արդեն Երևանում եմ։ Հավաքականում խաղալը միշտ առանձնահատուկ հուզումնալից է։ Մինչև Հունգարիայի հավաքականի դեմ հանդիպումն ունենք մի քանի օր։ Կպատրաստվենք»,– գրել է Սպերցյանը։

25-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է ԱԱ-2026-ի ընտրական փուլում F խմբի երկու վճռորոշ հանդիպումներին։ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմը նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կընդունի Հունգարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 16-ին վերջին տուրում կխաղա Պորտուգալիայի դեմ՝ Պորտուի «Դրագաու» մարզադաշտում։

Այս պահին F խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պորտուգալիայի հավաքականը՝ 10 միավորով։ Հունգարիան ունի 5, Իռլանդիան՝ 4, իսկ Հայաստանի հավաքականը եզրափակում է խմբի աղյուսակը՝ 3 միավորով։