AM
12 Նոյեմբեր 2025 - 10:41 AMT

ՌԴ ԱՀԾ․ Երևանն ուզում է «պոկվել» Ռուսաստանից և ավելի բարձր գնով ցորեն գնել Կիևից

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Երևանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասն ավելի բարձր գնով ձեռք բերելով Կիևից, իսկ գնային ավելցուկը ՀՀ–ին կփոխհատուցի ԵՄ–ն իր միջոցների հաշվին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Տարիներ շարունակ Հայաստանը Ռուսաստանից ցորեն է գնում։ Հիմա հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ուզում են պոկվել» Մոսկվայից և օգնել Ուկրաինային՝ գնելով անհրաժեշտ ծավալների մի մասն Ուկրաինայից»,–ասվում է ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ։

Ուկրաինական ցորենը 1․5 անգամ թանկ է ռուսականից։

«Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի արժեքի ավելցուկը», — նշված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով ռուսական և ղազախական ցորեն է մուտք գործել Հայաստան։