Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ալանիա քաղաքում տեղի ունեցած մեդիա միջոցառման ժամանակ անդրադարձել է նաև ՀՀ հետ սահմանին գտնվող «Ալիջան» սահմանակետի բացման հեռանկարներին։
«Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, «Ալիջան» անցակետը կբացվի»,–ասել է նա, հայտնում է Ermenihaber-ը։
Նախարարը նշել է, որ սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ «Ալիջան» սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։
«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։
Նրա ձևակերպմամբ՝ այս զարգացումները էական ազդեցություն կունենան «Զանգեզուրի միջանցքի» արդյունավետության վրա, ինչը կնպաստի Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային երթուղու կատարելագործմանը։
Նա հավելել է նաև. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։
Ըստ նախարարի՝ «Զանգեզուրի միջանցքը» հնարավորություն է ստեղծում Ասիայից Եվրոպա տանող նոր առևտրային ուղղության համար՝ Թուրքիային և Ադրբեջանին միացնելով ուղիղ ճանապարհով։
«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






