Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հնդկաստան–Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովի նախարարական պլենար նիստին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ինչպես նաև խոշոր ծրագրերը, որոնց թվում՝ Գյումրու «չոր նավահանգիստը»։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը ելույթում անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը ոչ միայն տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, այլև խաղաղության հաստատման գործընթացի ամրապնդման տեսանկյունից։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






