Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի վերջին ընտրական խաղին Հայաստանի դեմ՝ կարմիր քարտի պատճառով, հայտնում է Արմենպրեսը։
Մունդիալ-2026-ի ընտրական փուլի նախավերջին տուրի շրջանակում Պորտուգալիան մրցել է Իռլանդիայի հավաքականի հետ արտագնա հանդիպման ժամանակ և պարտություն կրել՝ 2:0 հաշվով: Այդ խաղում կարմիր քարտով դաշտից հեռացվել է Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն:
Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում 0:1 հաշվով պարտություն է կրել Հունգարիայի հավաքականից՝ զրկվելով հաջորդ փուլի ուղեգրից:
Մրցավեճից առաջ ՖԱՖ երկրպագուական շարժման անդամները Արևելյան տրիբունայում կախել են պաստառ՝ «Բարի գալուստ Հայաստան, այստեղ դուք կարող եք ապահով քնել» գրությամբ՝ ի հիշատակ Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի, հայտնում է Factor.am-ը։
Ինչպես հայտարարվել էր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կողմից, մեկնարկային կազմում ընդգրկվել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող վեց ֆուտբոլիստ։
26-րդ րոպեին հայկական թիմը գրանցել է իր առաջին հարձակումը՝ Էդգար Սևիկյանը հարված է կատարել ոչ հարմար դիրքից, սակայն գնդակը շեղ է ընթացել։ Հանդիպման 33-րդ րոպեին Հունգարիան բացել է խաղի հաշիվը. եզրային գրոհից հետո Բարնաբաշ Վարգան՝ «Ֆերենցվարոշի» հարձակվողը, գլխով հարվածով գնդակը ուղարկել է դարպաս։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը զգալիորեն ակտիվացել է՝ ավելի շատ գրոհներ ձեռնարկելով, սակայն այդ պահին դրանք իրական գոլային իրավիճակների չեն վերածվել։
Հունգարիայի հավաքականը հաղթանակ է տարել նաև թիմերի նախորդ հանդիպմանը՝ 2:0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական փուլը կավարտի նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում՝ մրցելով Պորտուգալիայի հավաքականի հետ։
Հայաստան. Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան (Կարեն Նալբանդյան, 76), Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Կարեն Մուրադյան (Նարեկ Աղասարյան, 90), Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան (Նարեկ Գրիգորյան, 70), Էդգար Սևիկյան (Արայիկ Էլոյան, 76), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Սերոբյան, 76):
Մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականում 10 միավորով Պորտուգալիան է, երկրորդ տեղում՝ 8 միավորով Հունգարիան, Իռլանդիան հավաքել է 7 միավոր, իսկ Հայաստանը եզրափակում է աղյուսակը՝ 3 միավորով:






