AM
17 Նոյեմբեր 2025 - 06:38 AMT

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Պորտուգալիային

2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Պորտուգալիան 9։1 հաշվով հաղթել է Հայաստանի ազգային հավաքականին։

Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոշոր հաշվով պարտությունը կապել է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Մեզ համար սա իսկապես ցավալի արդյունք է: Պետք է հասկանանք, որ դեռևս պատրաստ չենք մրցելու նման բարձրակարգ թիմերի դեմ: Դեռ երիտասարդ հավաքական ենք ու ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ խաղերից հետո մենք կդառնանք ավելի ուժեղ: Ձախողեցինք ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Պետք է ընդունել այս պարտությունն ու շատ աշխատել»,–ասել է նա։

Այս արդյունքը դարձել է ընտրանու պատմության մեջ ամենախոշոր պարտություններից մեկը։

Պորտուգալիայի հավաքականն այս հաղթանակով ամրապնդել է առաջին հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իսկ Հայաստանի ընտրանին ավարտել է մրցաշարն իր խմբում վերջին հորիզոնականում։