AM
18 Նոյեմբեր 2025 - 08:20 AMT

Ադրբեջանական դպրոցներում հայատյացության քարոզով միջոցառումներ են կազմակերպվում

Ադրբեջանական դպրոցներում հայերի նկատմամբ ատելության քարոզը շարունակվում է։ Մասնավորապես, ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը դպրոցներից մեկում անցկացված միջոցառման կադրեր է հրապարակել, հայտնում է Factor.am-ը:

«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, այլ ոչ թե կրթության։ Աշակերտները դերերի բաժանված, ներկայացնում են, թե ինչպես են բռնում մի հայի և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ինչպիսի ամոթ կրթության համար»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Իր մեկ այլ գրառմամբ Ահմեդովը անդրադարձել է նաև հակահայ քարոզչության արմատներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ հանրության առաջ ներկայանում է որպես «զոհ»՝ միաժամանակ ներքաղաքական բռնաճնշումներն ու անարդարությունները քողարկելով։

Նրա գնահատմամբ, իշխանությունները հանրային դժգոհությունը շեղել են հայերի նկատմամբ թշնամանքի ուղղությամբ՝ սրանով արդարացնելով կոռուպցիան ու ավտորիտար համակարգը։

Ահմեդովը գրել է, որ տարիներ շարունակ բազմաթիվ ընտանիքներ տուժել են ոստիկանական բռնությունից և համակարգային կոռուպցիայից, սակայն իշխանությունների կողմից տարածվող գաղափարախոսության մեջ նման անարդարությունները վերագրվում են հայերին. «Մի՛ մեղադրեք ինձ գողության համար, մեղադրեք հայերին»։

Լրագրողը նաև շեշտել է, որ եթե Ադրբեջանում հակահայ քարոզչությունը թուլանա, ապա իշխող վարչակարգը կկորցնի իր գլխավոր գաղափարական լծակներից մեկը։ Նրա կարծիքով, հենց այս քարոզչությունն է հնարավորություն տալիս պահել ներքին վերահսկողությունն ու անխափան շարունակել բռնապետական իշխանության գործելաոճը՝ առանց հաշվետվողականության։

Ահմեդովը հիշեցրել է նաև նախկինում տեղի ունեցած հակահայ բռնությունների ու դրանց նկատմամբ պետության աջակցությունը։

«Կառավարության ատելությունը չի սկսվել Հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային և նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է՝ մահացածների սաղավարտներով և երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է»,–նշել է նա։

2004 թ.-ին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈՒ կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացին, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ երկրներից երկուական ներկայացուցիչ, այդ թվում՝ Ադրբեջանից: Գիշերը Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Հունգարիայում նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն 8 տարի անց արտահանձնվել է Ադրբեջանին։

Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին նախագահի մակարդակով ներում էր շնորհվել, նա ոչ միայն ազատվել էր պատժի հետագա կրումից, այլև հերոսացվել՝ արժանանալով մայորի կոչման, բնակարանի և ութ տարվա աշխատավարձի: