Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Հերբսթը հայտարարել է, որ ԱՄՆ դերակատարությունը նպատակ ունի նպաստել Հայաստան–Ադրբեջան խաղաղության ամրապնդմանը։
Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ նա ասել է, որ «Բաքուն արտատարածքային իրավունք է պահանջում», սակայմ ԱՄՆ մասնակցությունը կարող է չեզոքացնել վիճահարույց պահը, գրում է APA-ն։
«Ադրբեջանը պահանջում է արտատարածքային իրավունքներ Հայաստանի տարածքում։ Սակայն, եթե ԱՄՆ–ն ստանձնի միջանցքի կառավարումը, ապա այս հարցը կարող է չեզոքացվել։ Այդ դեպքում Հայաստանը կկարողանա չճանաչել Ադրբեջանի արտատարածքային իրավունքները, իսկ Ադրբեջանը չի համառի իր շահերը պաշտպանելու համար։ Իրոք, Վաշինգտոնի մասնակցությունը կարող է չեզոքացնել այս վիճահարույց պահը»,– ասել է Հերբսթը։
Նա նշել է, որ անհնար է միտումնավոր ձգձգել գործընթացը։
«Ձգձգում հնարավոր է, բայց մենք գիտենք մի բան Թրամփի մասին՝ եթե նա ինչ‑որ բան կարևոր է համարում, ապա գործում է շատ արագ։ Նա կարող է անձամբ վերահսկել գործընթացը և արագացնել աշխատանքը», — ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է հնարավորությանը, որ «Թրամփի ուղին» չեն հասցնի իրագործել նրա նախագահության ժամկետի ավարտից առաջ, ապա Հերբսթը վստահություն է հայտնել, որ նույնիսկ այդ դեպքում նոր վարչակազմը չի հրաժարվի նախագծից։
«Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ինչ‑որ բան կարևոր է համարում, ապա գործում է արագ և վճռական, սա կարող է շատ համոզիչ ազդեցություն ունենալ։ Հետևաբար կարծում եմ, որ նախագծերը իրական հնարավորություն ունեն ավարտվելու մինչև Թրամփը Սպիտակ տանն է։ Միաժամանակ սխալ կլիներ, եթե ապագա վարչակազմը հրաժարվի Հարավային Կովկասում ձեռք բերված առաջընթացից», — ընդգծել է նա։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






