Նոյեմբերի 18-ին Բաքվում շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսը։
Նախորդ նիստերից մեկում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով փոխել Իսլամ Աղաքերիմովին, որը նախապատրաստական նիստում հանդես էր եկել որպես թարգմանիչ։ Նրան բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է, հայտնում է APA-ն։
Աղաքերիմովը հրավիրվել էր ներկայիս նիստին և մասնակցել էր ընթացքին։ Վարդանյանն ու նրա պաշտպան Էմիլ Բաբիշևը կրկին ներկայացրել են միջնորդություն նրա փոխարինման համար։ Իսլամ Աղաքերիմովը նշել է, որ նախնական նիստում դատարանի որոշման թարգմանության ընթացքում տեղի է ունեցել «միայն մեկ մեխանիկական սխալ, որն էական ազդեցություն չի ունեցել որոշման բովանդակության վրա»։
Քանի որ թարգմանիչը նախկինում չէր կարողացել ներկայանալ դատարան՝ հարգելի պատճառներով, նրա դիրքորոշումը պարզել չէր հաջողվել։ Տվյալ նիստում նա հաստատել է, որ սխալը եղել է տեխնիկական և ոչ միտումնավոր։
Բայրամովը նշել է, որ թարգմանչի հրաժարման հարցը կարող է բավարարելի ճանաչվել միայն այն դեպքերում, երբ կան օրենքով սահմանված հիմքեր, սակայն տվյալ սխալը չի կարող նման հիմք համարվել, ուստի նա առաջարկել է մերժել միջնորդությունը, ինչն էլ արվել է։
Դրանից հետո լսվել են այսպես կոչված «տուժողների» ցուցմունքները, որոնք երբևէ չեն հանդիպել և շփում չեն ունեցել Վարդանյանի հետ։
Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 20-ին։
Նոյեմբերի 6–ին Ռուբեն Վարդանյանն իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում ուղերձ էր փոխանցել՝ նշելով, որ Արցախը եղել է, կա և կլինի, և կոչ էր արել հավատալ սեփական ուժերին։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ուժերը ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը քննվում է առանձին վարույթի շրջանակում։






