AM
19 Նոյեմբեր 2025 - 09:47 AMT

Մկրտչյանն ու Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խորացման ուղիները

Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման տարբեր հնարավոր ուղիներ և այդ շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարներ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման գործընթացների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկայում գործունեություն ծավալելու ընթացակարգերին։ Այս համատեքստում կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որոնք կաջակցեն հայկական ընկերություններին հմտությունների, շուկայավարման կարողությունների կատարելագործման հարցում և կնպաստեն նրանց մրցունակության բարձրացմանը միջազգային շուկայում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցություն իրականացնելու իրենց պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։