AM
20 Նոյեմբեր 2025 - 10:09 AMT

AMD ընկերության գործունեությունը ՀՀ–ում ընդլայնելու հնարավորություններ կան

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է անցկացրել ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Advanced Micro Devices (AMD) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

Քննարկվել են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են ընկերության ծրագրային ապահովման զարգացման ավագ տնօրեն Խանգ Դաոն, Ծրագրային ապահովման զարգացման տնօրեն Մեհրդադ Էսլամի Դեհկորդին, ներմուծման և արտահանման ավագ մենեջեր Ջեյմս Չիկը, միջազգային կապերի և համագործակցության գծով տնօրեն Գրանթ Գարդները։ Հանդիպմանը տեսակապով միացել է Դեն Գիբոնսը՝ ընկերության ինժեներիայի գծով փոխնախագահը, որը նաև պատասխանատու է Հայաստանում AMD-ի գործունեության համար։

Հանդիպմանն ընդգծվել է, որ օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ընձեռում AMD-ի հայ մասնագետների գիտելիքներն ավելի արդյունավետ կիրառելու համար։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։