AM
21 Նոյեմբեր 2025 - 06:30 AMT

Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի կողմից հանդիպման վայրի ընտրությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը օպերատիվ կերպով կհստակեցնեն «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպման վայրը։

«Հաջորդ նախարարական հանդիպումը պետք է կայանա Բաքվում կամ Երևանում։ Ակնկալում ենք, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով որոշել նախարարների նիստի կազմակերպման հերթականությունը», — ասել է նա ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է իր կողմից աջակցել գործընկերների համատեղ որոշմանը։

«3+3» ձևաչափով խորհրդակցությունների մեկնարկը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ, առաջարկվել է 2020 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ որպես հարթակ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերը քննարկելու համար։ Վրաստանը բազմիցս հրավիրվել է մասնակցել գործընթացին, սակայն դեռևս չի միացել։

Նախաձեռնության առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով, կայացել է 2021–ի դեկտեմբերին Մոսկվայում։ Երկրորդ հանդիպումը՝ արդեն ԱԳ նախարարների մակարդակով, տեղի է ունեցել 2023–ի հոկտեմբերին Թեհրանում։ Վերջին հանդիպումը կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։