AM
21 Նոյեմբեր 2025 - 10:32 AMT

Կիբերանվտանգության օրենքով կպաշտպանվեն կրիտիկական ենթակառուցվածքները

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կիբերանվտանգության մասին նոր օրենքի նախագիծը, որն ուղղված է Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով օրենքի հիմնական դրույթները, ճեպազրույցում նշել է, որ նախագիծը սահմանում է այն ենթակառուցվածքները, որոնք առաջնահերթ պաշտպանության կարիք ունեն, հայտնում է Radar Armenia-ն։

Նա ընդգծել է, որ այդ գործընթացում առանցքային է պետություն-մասնավոր համագործակցությունը։

«Նոր մարմինը կիբերպաշտպանական գործողություններ կիրականացնի այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգը կիբերհարձակումների կենթարկվի»,–ասել է նա։

Նախագիծը նախատեսում է նաև համապատասխան կառույցի ձևավորում, որը կունենա գործառույթ՝ հակազդելու և կանխելու պետական համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումները՝ ապահովելով անվտանգություն ինչպես պետական, այնպես էլ կենսական նշանակություն ունեցող մասնավոր կառույցների համար։