AM
21 Նոյեմբեր 2025 - 10:51 AMT

OpenAI-ը համագործակցության առաջարկ կփոխանցի ՀՀ–ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել OpenAI ընկերության Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։

Հանդիպման ընթացքում OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ մոտ ապագայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը, հայտնում է դեսպանությունը։

Քննարկման թեմա են եղել արհեստական բանականության գործնական կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։

Մկրտչյանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն կարող է դառնալ Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը։

Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։