Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների ոլորտի մասնագետ Վարդան Պողոսյանն ասել է, որ քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը, մասնավորապես, դա տեղի է ունենում Հայաստանում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեր ժամանակների պատուհասը հետխորհրդային տարածքում քրիստոնեության դեմ քողարկված պայքարն է և ոչ միայն. ինչ–որ պետության գործակալական ցանցին դիմակայելու պատրվակով ամբողջ դավանանքներ են արմատախիլ արվում։ Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը, որտեղ մտացածին մեղադրանքներով գործող իշխանությունները քրեական գործեր են հարուցում և հետապնդումներ կազմակերպում»,-ասել է նա «Կրոն և աշխարհ» համաժողովում, որն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում:
Պողոսյանը ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության հետևանքով արդեն երեք բարձրաստիճան հոգևորականներ ենթարկվել են քրեական հետապնդման, որոնցից երկուսն ազատազրկման մեջ են չորս ամիսից ավելի։
Նա անդրադարձել է նաև ավելի լայն գործընթացի՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցին, այդ թվում՝ կաթողիկոսին։
Ներկայումս կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։






