Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ) հայտնել են, որ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված բոլոր կառույցներն ավարտում են գործունեությունը, գրում է APA-ն։
«ԵԱՀԿ-ն, 2025 թ․ սեպտեմբերի 1-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված թիվ 1/25 որոշման հիման վրա, իրականացնում է քայլեր Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը հստակեցրել է, որ գործընթացը կավարտվի մինչև 2025 թ․ դեկտեմբերի 1-ը։
Նշվում է, որ «այդ ամսաթվից հետո Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների մանդատի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները պաշտոնապես կդադարեցվեն»։
Սպասվում է, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ գործընթացի ավարտի վերաբերյալ։
2025 թ․ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ մշտական խորհուրդը որոշում է ընդունել դադարեցնել Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցների գործունեությունը։ Այս քայլը կատարվել է՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակի վրա, որը հասցեագրվել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։
Որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից դադարեցվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի, ով ներգրավված էր Մինսկի համաժողովի շրջանակում դիտարկվող հակամարտությունում, ինչպես նաև Բարձր մակարդակով պլանավորման խմբի գործունեությունը։






