Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով ԱՄՆ նոր խաղաղ ծրագրին, և հայտարարել է, որ հիմա Ուկրաինայի պատմության ամենածանր փուլերից մեկն է, սակայն Ուկրաինան չի գնալու այնպիսի զիջումների, որոնք նվաստացնում են երկրի արժանապատվությունը։
«Ուկրաինան կարող է կանգնել շատ բարդ ընտրության առաջ. կամ արժանապատվության կորուստ, կամ՝ առանց գլխավոր դաշնակցի մնալու ռիսկ։ Կամ այդ բարդ 28 կետը, կամ՝ շատ ծանր ձմեռ՝ ամենադաժանը, ու նոր վտանգներ։ Կյանք առանց ազատության, արժանապատվության և արդարության՝ հավատալով նրան, ով արդեն երկու անգամ հարձակվել է մեզ վրա», — հայտարարել է Զելենսկին, գրում է BBC-ին։
Արևմտյան աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումն ու զենքի մատակարարումները Կիևին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղ համաձայնություն ստորագրվի արդեն նոյեմբերի 27-ին։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Մոսկվան ստացել է փաստաթուղթը և կարծում է, որ այն «կարող է դրվել խաղաղ կարգավորման հիմքում», սակայն պլանը Ռուսաստանի հետ չի քննարկվել։
Արևմտյան մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ Թրամփի վարչակազմի պլանը ներառում է 28 կետ, որոնցից շատերը՝ լրագրողների և քաղաքական գործիչների գնահատմամբ, պարզապես կրկնում են Մոսկվայի սկզբնական պահանջները։
Իր ելույթում Զելենսկին ընդունել է, որ Ուկրաինայի վրա այժմ գործադրվում է հսկայական ճնշում։ Նախագահը նշել է, որ իրենից պահանջում են պատասխան, սակայն նա այն տվել է դեռևս այն ժամանակ, երբ նախագահական երդում է տվել՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու քաղաքացիների շահերը։
««Ինձ համար դա պարզապես ձևականություն չէ, այլ երդում […] Ուկրաինայի ազգային շահը պետք է հաշվի առնվի», — ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան բարձրագոչ հայտարարություններ չի անի, այլ կշարունակի աշխատել բոլոր դաշնակիցների հետ կառուցողական կերպով:
«Մենք հանգիստ կաշխատենք Ամերիկայի և բոլոր գործընկերների հետ։ Կլինի կառուցողական լուծումների որոնում մեր գլխավոր դաշնակցի հետ […] մենք հստակ չենք թողնի թշնամուն պատճառներ ասելու, թե իբր Ուկրաինան չի ցանկանում խաղաղություն, խափանում է գործընթացը կամ պատրաստ չէ դիվանագիտությանը»,–ասել է Զելենսկին։
Հայտնի է նաև, որ նոյեմբերի 21–ին Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ, և կրկնել, որ հույս ունի Եվրոպայի աջակցության վրա։ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս ռազմաճակատը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան պլանում առաջարկվում է, որ Ուկրաինան առանց մարտի դուրս գա Դոնեցկի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։
Reuters գործակալության տվյալներով՝ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստում են հակառաջարկ՝ ի պատասխան ամերիկյան 28 կետից բաղկացած պլանի, և սպասվում է, որ աշխատանքներին կմիանան նաև այլ եվրոպական երկրներ։
Ըստ պլանի՝ ԱՄՆ-ը սահմանել է վերջնաժամկետ՝ նոյեմբերի 27-ը, որպեսզի Ուկրաինան ընդունի այդ համաձայնագրի սկզբունքները։ Թրամփը իր հարցազրույցում ասել է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է ժամկետը երկարաձգվի, սակայն ինքը կարծում է, որ հինգշաբթի, նոյեմբերի 27-ը «հարմար ժամանակ է»։
Նոյեմբերի 21–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքել է ԱՄՆ նոր խաղաղ ծրագրին։ Անվտանգության խորհրդի նիստում նա հայտնել է, որ Ռուսաստանը ստացել է այդ փաստաթուղթը, սակայն Վաշինգտոնի հետ առայժմ «առարկայական» քննարկում տեղի չի ունեցել։
«Մեզ մոտ այդ տեքստը կա։ Մենք այն ստացել ենք ամերիկյան վարչակազմի հետ ունեցած շփումների առկա ալիքներով։ Կարծում եմ՝ այն կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում։ Բայց առարկայական կերպով մեզ հետ այդ տեքստը չի քննարկվել», –ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը նշել է, որ նմանատիպ գաղափարներ արդեն քննարկվել են նախքան օգոստոսին Ալյասկայում իր հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, երբ ԱՄՆ-ն կոչ էր անում Ռուսաստանին ցուցաբերել «ճկունություն»։
Միաժամանակ Պուտինը նորից մեղադրել է Ուկրաինային՝ ասելով, որ Կիևը չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Նա նշել է, որ Ռուսաստանը գոհ է իրադրությունից, քանի որ ռազմական ճանապարհով կարողանում է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։
Փորձագետները նշում են, որ Պուտինի հայտարարությունը ցույց է տալիս, որ պետք չէ ակնկալել, որ առաջիկա շաբաթում պատերազմը կավարտվի։
Ինչպես նշել է BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ելիզավետա Ֆոխտը, ամերիկյան ծրագիրը ներկայումս ավելի շուտ դիտվում է որպես հնարավոր պայմանավորվածությունների սևագիր, և Մոսկվան, ըստ Պուտինի խոսքերի, պատրաստ է քննարկման, բայց չի շտապում ու շարունակում է դիտարկել նաև ռազմական տարբերակը։
Պուտինը փաստացի ասել է, որ ծրագիրը պահանջում է մանրամասն քննարկում։ Դրանում չեն նկարագրված ՆԱՏՕ-ի չընդլայնման մեխանիզմները, ոչ էլ Ուկրաինայի հարձակողական ներուժի սահմանափակման միջոցառումները՝ որոնք Ռուսաստանի համար առանցքային են։ Անորոշ է նաև, թե արդյոք Կրեմլը կհամաձայնի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հրաժարվելու առաջարկին՝ հատկապես հաշվի առնելով, որ Պուտինը այցելել էր «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետ՝ զինվորական համազգեստով։
Մի շարք դրույթներ՝ պատժամիջոցների չեղարկումից մինչև ՆԱՏՕ-ի պարտավորությունները, պահանջում են ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև եվրոպական երկրների լայն համաձայնություն։
Այս պահին Մոսկվայից և Կիևից եկող ազդակներով կարելի է ենթադրել, որ կողմերը պատրաստ են քննարկել ԱՄՆ առաջարկները։ Հնարավոր է՝ Դոնալդ Թրամփի համար դա բավարար լինի, և նա հրաժարվի նախկինում նշված խիստ ժամկետներից։






