AM
22 Նոյեմբեր 2025 - 09:37 AMT

Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը վերահաստատել է աջակցությունը ՀՀ ինքիշխանությանը

Նոյեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է անցկացրել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը վերահաստատել է իրենց օրենսդիր մարմնի լիակատար աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանը և ժողովրդավարական ուղուն։

Տիգրան Բալայանը հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ենթակառուցվածքային նախաձեռնությունը և դրա ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները։

Դեսպանը հատուկ շեշտադրել է Հայաստանի կառավարության ներդրած ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր դերը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։