Oil Change International կազմակերպությունը պարզել է, որ Գազայի պատերազմի ընթացքում Իսրայել ներմուծված հում նավթի մոտ 40%-ը կազմել է ադրբեջանական ծագման վառելիքը, փոխանցում է OC Media-ն։
Զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP30 ամենամյա համաժողովին ընդառաջ, ներկայացնում է նավթային մատակարարումների ծավալներն ու աղբյուրները, հայտնում է Factor.am-ը։
Ըստ հրապարակման՝ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իսրայել մատակարարված նավթի մոտ 70%-ը եղել է Ադրբեջանի և Ղազախստանի կողմից, որոնցից առաջինը նավթն արտահանել է Թուրքիայի, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի տարածքով։ Դրանցից ամենամեծ մասնաբաժինը ունեցել է Ադրբեջանը՝ մատակարարելով ավելի քան 7 միլիոն տոննա հում նավթ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման գրեթե 40%-ը։
Զեկույցում ընդգծվում է, որ նշված ժամանակահատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով իրականացվել է նավթի 61 առաքում, որոնց ծագման երկիրը նշվել է Թուրքիան։ Մատակարարումների ծավալով երկրորդը Ղազախստանն է՝ Ռուսաստանի միջոցով փոխանցված մոտ 5․3 միլիոն տոննայով։
Փաստաթուղթը հղում է անում դոկտոր Իրենե Պիետրոպաոլիի իրավական գնահատականին, ըստ որի՝ այն պետությունները, որոնք մատակարարում են հում կամ վերամշակված նավթ Ադրբեջանին, պետք է «հաշվի առնեն, որ Իսրայելի ռազմական գործողություններին իրենց ցուցաբերած ռազմական կամ այլ օգնությունը կարող է նրանց վտանգի տակ դնել՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մեղսակից լինելու համար»։
Զեկույցում նշվում է նաև, որ պատերազմի ընթացքին զուգահեռ Իսրայել վառելիք մատակարարած երկրները «դա արել են՝ լիովին գիտակցելով նրա վայրագությունները»։
«Ադրբեջանը տարիներ շարունակ պահպանել է սերտ հարաբերություններ Իսրայելի հետ՝ մատակարարելով էներգիա և ստանալով ժամանակակից սպառազինություն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը միջազգային հանրության կողմից արժանացել է սուր քննադատության Գազայում իրականացվող ռազմական գործողությունների համար, Բաքուն շարունակել է խորացնել այդ կապերը։
Այս քաղաքականության շրջանակում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, 2025 թվականի հունիսին ձեռք է բերել Իսրայելի Թամարի հանքավայրի 10% բաժնեմասը։ Թամարը համարվում է Իսրայելի խոշորագույն գազային հանքավայրերից մեկը՝ տեղակայված Հայֆայից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա։ Գործարքի արժեքը գնահատվել է 1․25 միլիարդ դոլար»,–ասվում է հրապարակման մեջ։






