AM
22 Նոյեմբեր 2025 - 10:32 AMT

ԱՄՆ 27 սենատոր պահանջել է Ռուբիոյից ապահովել հայ գերիների ազատ արձակումը

ԱՄՆ Սենատի 27 անդամ, որոնց գլխավորել են Էդ Մարկին և Շելդոն Ուայթհաուսը՝ Սենատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ հորդորելով անհապաղ և առանց նախապայմանների ապահովել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների ազատ արձակումը։

Նրանց նամակում կոչ է արվում Թրամփի վարչակազմին պահանջել միջազգային դիտորդների մուտք Բաքվում անցկացվող կասկածելի դատավարություններին և կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Այս նամակի հրապարակման կապակցությամբ, որն աջակցություն է ստացել Հայ դատի հանձնախմբի կողմից, Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։

Նամակում առանձնացվել են այն մտահոգությունները, որոնք վերաբերում են Բաքվում անցկացվող դատավարությունների պայմաններին, հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

«Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»,–ասվում է նամակում։

Նաև ընդգծվում է․ «արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120,000 քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։

Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին առաջարկել են իրականացնել հետևյալ քայլերը՝ պահանջել բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը, ապահովել միջազգային դիտորդների և անկախ լրատվամիջոցների ներկայությունը դատավարություններին և կիրառել «Գլոբալ Մագնիցկու» օրենքի շրջանակում պատժամիջոցներ այն ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների ոտնահարման մեջ հայերի նկատմամբ։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված բանակցային գործընթացին:

«Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ «Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար։

ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»,–ասվում է նամակում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է իրականացնել համակարգված ջանքեր՝ այդ թվում իր էլեկտրոնային հարթակի՝ միջոցով, ամերիկահայ համայնքի ներգրավմամբ Սենատի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ։ Միաժամանակ հանձնախումբը համագործակցում է Սենատի հանրապետականների հետ՝ նմանատիպ նախաձեռնության կազմակերպման նպատակով։