99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկոյլ Արենայում»։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, գրում է Championat.com-ը։
Հայտարարվել է նաև, որ այսուհետ ստադիոնի «Ա» տրիբունան կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը։
«Նիկիտա Սիմոնյանի անվան «Ա» տրիբունա։ Հավերժ հարազատ ակումբի կողքին»,–գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հուղարկավորության օրը և վայրը կհայտարարվի ավելի ուշ։
Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակի» կազմում՝ ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, այդ ակումբի լավագույն ռմբարկուն՝ խփած 160 գոլով։ 1956 թվականին Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
Կարիերայի ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թթ․, իսկ 1973–ին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:
Նրան շնորհվել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում։






