Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Բիշքեկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, Երևանը հայտնել է, որ պատրաստ է աջակցել դաշինքին առնչվող փաստաթղթերի ընդունմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ երկիրը մասնակցություն չի ունենա, սակայն նրա ներկայացուցիչները հայտնել են, որ դեմ չեն հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը», — հայտնել է դիվանագետը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը՝ նշելով, թե կառույցը վտանգ է ներկայացնում հանրապետության ինքնիշխանության համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անցկացված անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում հայտնել է, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր որոշման բոլոր ռիսկերն ու հետևանքները։ Սակայն Հայաստանը առայժմ կոնկրետ որոշում չի ընդունել կառույցից դուրս գալու վերաբերյալ։






