3 հայ ցմահ ազատազրկման է դատապարտվել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով։ Դատավճիռը հրապարակել է ՌԴ Հարավային օկրուգի ռազմական դատարանը Դոնի Ռոստովում։
Նրանք են Արտյոմ և Գրիգոր Ազատյանները և բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանը։
Նրանցից բացի ցմահ ազատազրկման է դատապարտվել ևս 5 հոգի՝ Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբանը, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրանց վերագրվել են ահաբեկչության կազմակերպման և պայթուցիկ նյութերի կամ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներ, իսկ Սոլոմկոյին ու Թերջանյանին ներկայացվել է նաև պայթուցիկ սարքի մաքսանենգ ներմուծման մեղադրանք։
Ըստ քննության հիմնավորման՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունը տեղի է ունեցել բեռնատարի ներսում տեղադրված սարքի աշխատանքի արդյունքում, ինչի հետևանքով բռնկվել է վառելիքով բեռնված ցիստեռնը և զոհվել է հինգ մարդ։ Դեպքից հետո հարուցված քրեական գործն ուղեկցվել է մի շարք ձերբակալություններով, իսկ ԱԴԾ-ն հաղորդել է, որ ձերբակալվել է ութ մարդ։
Պայթուցիկ սարքը պատրաստվել է Ուկրաինայում և թաքցվել շինարարական պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթների մեջ։ Բեռը բարդ երթուղով տեղափոխվել է Օդեսայից՝ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների աջակցությամբ հասնելով Փոթիի նավահանգիստ, ապա՝ Երևան, որտեղից Վերին Լարսով ուղարկվել է Ռուսաստան։
Հետաքննության վարկածով՝ գործողության կազմակերպիչ է համարվել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Մալյուկը՝ չպարզված այլ անձանց հետ, ձևավորել է խումբ, որի կազմում են ընդգրկվել նաև դատապարտվածները։






