AM
25 May 2002 - 16:56 AMT

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ

Շվեյցարիայի կառավարությունը դիմել է երկրի խորհրդարանին կոչով` չընդունել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը նախատեսող օրինագիծը: Օրենսդիրներին ուղղված փաստաթղթում ասվում է, որ օրինագծի ընդունումը կարող է «բացասաբար անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա»: Միեւնույն ժամանակ, վերջերս Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Դեյսը հայտարարել էր, որ կառավարությունը չի միջամտի խորհրդարանի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման հարցին: Նա նաեւ հույս հայտնեց, որ Ազգային ժողովի կողմից օրինագծին հավանություն տալը չի ազդի Թուրքիայի եւ Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների վրա: Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության կողմից պատգամավոր Ժան-Կլոդ Վուդրոյի առաջարկած օրինագծին արդեն իրենց աջակցությունն են հայտնել շվեցյարական խորհրդարանի 200 պատգամավորներից 115-ը: Դա թույլ է տալիս վստահորեն ասել, որ բանաձեւը վերջնականորեն կընդունվի Ազգային ժողովի հունիսյան նստաշրջանում: Ժան-Կլոդ Վուդրոյի խոսքերով` օրինագիծը ամբողջովին համապատասխանում է «շվեյցարական մարդասիրական ավանդույթներին»: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին հայերի ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել է Շվեյցարիայի Ժնեւվի կանտոնի կառավարությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: