Հայաստանում այսօր նշել են Միջազգային օլիմպիական օրը: Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում անցել են մի շարք միջոցառումներ, այդ թվում տոնական օրվան նվիրված սուսերամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի, անվավոր դահուկավազքի, բայդարկաներով թիավարության, ըմբշամարտի, հեծանիվի մրցումներ:
Սակայն տոնական օրվա գլխավոր իրադարձությունը օլիմպիական մարաթոնն էր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել էին գլխավոր հրապարակում, մասնակցելու համար ավանդական օլիմպիական մրցավազքին: Միջոցառումը բացեց ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:
Մրցումն անցել է Ամիրյան-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-Ազատության կամուրջ-Հրազդան մարզադաշտի հարավային մաս երթուղով: Մասնակիցները բաժանվել են վեց տարիքային կարգերի, որտեղ հաղթողները դրամական պարգեւներ ու պատվոգրեր են ստացել: Պարգեւներից բացի, մարաթոնի բոլոր մասնակիցներին բաժանվել են օլիմպիական խորհրդանիշներով վերնաշապիկներ:
Ըստ Դերենիկ Գաբրիելյանի, նման միջոցառումները մեծ դեր են կատարում Հայաստանում սպորտի ժողովրդայանացման հարցում:
«Այս մրցավազքով մենք եւս մեկ քայլ արեցինք Հայաստանում սպորտի տարածման համար: Մարդիկ միշտ լսում են մեր մարզիկների հաջողությունների մասին, սակայն հազվադեպ են դառնում նրանց ելույթների անմիջական վկաները: Իսկ այսօր նրանք մասնակցեցին սպորտային մի միջոցառման, որն անցավ Երեւանի փողոցներում: Հուսով եմ, որ հաջորդ տարի մասնակիցների թիվը կգերազանցի 10 000»,-ասել է Գաբրիելյանը:
Նշենք, որ Միջազգային օլիմպիական օրն ողջ աշխարհում նշվում է հունիսի 23-ին: Այդ օրվա հիմնական միջոցառումը երկար դիստանցիայով զանգվածային մրցավազքի կազմակերպումն էր: Հայաստանում այդ օրը նշեցին հունիսի 20-ին, քանի որ ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի կանոնակարգի, միջոցառումները կարող են անցկացվել կամ հունիսի 23-ին կամ մոտակա հանգստյան օրը: