AM
24 June 2009 - 07:10 AMT

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մետալուրգի» կազմում կրկին աչքի է ընկել գոլով

Դոնեցկի «Մետալուրգի» նոր խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը թիմակիցների հետ ժամանել է Ավստրիա` մասնակցելու նախասեզոնային ուսումնամարզական հավաքի, Սլովակիայի «Սպարտակ» (Տրնավա) ակումբի հետ առաջին ընկերական հանդիպման ժամանակ կրկին աչքի է ընկել գոլով:

Հանդիպման ընթացքում 1:0 հաշվով պարտվող «Մետալուրգին» հաջողվեց փոխել խաղի ընթացքը, եւ առաջին խաղակեսի 43-րդ րոպեին գործեց Առաքելյան- Մխիթարյան զույգը: Վերջինս հայրենակցի կողմից փոխանցում ստանալուց հետո տեխնիկական հարվածով տուգանային անկյունից գնդակն ուղարկեց հակառակորդի դարպաս, եւ հաշիվը դարձավ 1:1:

Ընդմիջումից հետո «Մետալուրգի» կազմում դաշտ դուրս եկեն 10 նոր ֆուտբոլիստներ` խաղադաշտում թողնելով միայն Ջորջ Լազիչին: Նոր կազմը հաջող հանդես եկավ, եւ 75-րդ րոպեին «Մետալուրգը» հաշիվը 2 գոլով ավելացրեց: Իրենց հաշվին գոլեր գրանցեցին ռմբարկու Վիտալի Իվանկոն եւ կիսապաշտպան Ջորջ Լազիչը: Խաղի վերջում «Սպարտակը» կարողացավ կրճատել հաշիվը եւ գոլ խփեց, բայց խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով հօգուտ Դոնեցկի թիմի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Մետալուրգում» իր առաջին խաղի ժամանակ, որը տեղի էր ունեցել հունիսի 18-ին «Դոնեցկստալ» թիմի հետ, դարձել էր երկու գոլի հեղինակ:

Իր հաջորդ ընկերական հանդիպումն արտասահմանյան հավաքի շրջանակներում Դոնեցկի թիմն անցկացնելու է հունիսի 27-ին Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինի» դեմ: