AM
26 June 2009 - 15:57 AMT

Մհեր Մկրտչյանը 3-րդ տեղն է զբաղեցրել «Մոլդավիայի նախագահի գավաթ» հեծանվասպորտի առաջնությանը

Հայ հեծանվորդներն ավարտել են իրենց ելույթները մայրուղու վրա «Մոլդավիայի նախագահի գավաթ» հեծանվասպորտի երիտասարդապատանեկան առաջնությանը, որը տեղի էր ունենում հունիսի 19-25 Մոլդավիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գիգորյանը, հայ մարզիկներն իրենց լավագույնն են դրսեւորել առաջնությանը:

«Մեր ելույթները, հաշվի առնելով անցյալ արդյունքները, կարելի է հաջող համարել: Մենք մասնակցել ենք 3 մարզական դիսցիպլինների` անհատական, խմբային եւ կրիտերիում, եւ բոլոր երեքում լավ արդյունքների ենք հասել: Մեզ համար նման առաջնությունները մեծ կարեւորություն ունեն առաջին հերթին միջազգային փորձի ձեռքբերման տեսակետից»,- ասել է Գրիգորյանը:

Մոլդավիայում առաջնությանը Հայաստանը Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ ներկայացնում էին 4 հեծանվորդներ. Սերգեյ Պետրոսյանը մասնակցում էր երիտասարդների մրցությանը, Հայկ Մելոյանը, Միհրան Ավետիսյանն ու Մհեր Մկրտչյանը` պատանեկան: Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջող ելույթ ունեցավ Մհեր Մկրտչյանը, որն անհատական հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրեց 90 մասնակիցների թվում: Հայաստանի մնացած ներկայացուցիչները նույնպես լավ ելույթ ունեցան` տեղեր զբաղեցնելով առաջին եռեսնյակում:

Հուլիսի 15-19 Մինսկում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մայրուղու վրա, որտեղ Հայաստանը կներկայացնի Սուրեն Պետրոսյանը:

Սուրեն Պետրոսյանն ու Արամ Մելիքյանը կմասնակցեն նաեւ աշխարհի պատանեկան առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 20-24 Մոսկվայում: