Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն դաշնային եւ երկրամասային պետական իշխանության մարմինների իրավասությունների տարանջատման մասին պայմանագիրը համարվում է ուժը կորցրած: Դա նշանակում է, որ միգրացիոն հիմնախնդիրների հետ կապված, բոլոր հարցերի լուծումը փոխանցվել է տարածաշրջանային ղեկավարության իրավասության ոլորտ: Որոշ տեսաբաններ, մեկնաբանելով նորությունը, գալիս են այն եզրակացության, որ Կրեմլը, փաստորեն, հավանություն է տալիս երկրամասի ղեկավարության կողմից անցկացվող էթնիկական զտումներին: Դաշնային իշխանությունների անուղղակի աջակցությունը Տկաչովի գործողություններին հանգեցրել է նրան, որ նահանգապետը թույլ է տվել իրեն հայտարարել, որ չի ցանկանում հանդիպել հայկական խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք պետք է մայիսի 15-ին մեկնեին Կրասնոդար` երկրամասից հայերի վերաբնակեցման սպառնալիքի կապակցությամբ ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով: Հիշեցնենք, որ Կուբանի ղեկավարությունը առաջարկել է «տեղափոխել խորհրդարանական պատվիրակության այցի ժամկետները, քանի որ երկրամասի ղեկավարությունը նրա անդամների հետ հանդիպելու ժամանկ չունի»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: