Հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է «Երեւանի գավաթ» 9-րդ միջազգային պատանեկան մրցաշարը, որն առաջին անգամ կրում է 2009-ի ապրիլին վախճանված լեգենդար հայ թենիսիստ Ալեքսանդր Ծատուրյանի անունը: Մրցաշարի մասնակիցները բաժանվել են 2 տարիքային կարգերի. 14 եւ 16 տարեկան:
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Ծատուրյանի անվան մրցաշարի բացման արարողությունը, ինչպես նաեւ` Արթուր Շիլաջյանի անվան երկրորդ մրցաշարի, որը մեկնարկում է հուլիսի 6-ին առաջինի ավարտից հետո:
Մրցաշարին մասնակցում են 130 պատանի թենիսիստներ 16 երկրներից, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Սերբիայից, Վրաստանից, Իտալիայից, Իսրայելից, Ղրղզստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Կիպրոսից, Կանադայից, Լատվիայից եւ ԱՄՆ-ից:
Մրցույթները տեղի են ունենալու 6 կորտերում: Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արեւիկ Ուդումյանի խոսքերով, այդ մրցաշարերը շատ մեծ դեր են խաղում Հայաստանում թենիսի զարգացման եւ տարածման գործում:
«Մրցաշարը շատ հարմար է մեզ համար, քանի որ այն անցկացվում է Հայաստանում, եւ մեր թենիսիստները միջազգային փորձ ձեռք բերելու եւ վարկանիշային միավորներ հավաքելու մեծ հնարավորություն են ունենում: Հայաստանը միջազգային հանրության աչքում ձեռք կբերի երկրի կարգավիճակ, որտեղ շատ սիրում են թենիսը եւ մեծ կարեւորություն են տալիս նրան: Միայն այն, որ տարեց տարի մասնակիցների թիվը մեծանում է, այն բանի ապացույցն է, որ Հայաստանում թենիսի համբավն աճում է»,- նշել է Ուդումյանը:
Մրցաշարի մասնակիցներն են Հայաստանի Թենիսի ֆեդերացիան եւ «Orange tennis» մարզաառողջարանական համալիրը: